ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Ռ.Լ. Ծառուկյան, Ն.Մ. Հակոբյան, Կ.Թ. Ավետիսյան

<<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոն

 

Բառեր. մեղրածաղկափոշային խույս, մեղվաընտանիքի կոլապս, հեմոլիմֆ

 

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում մեղվաբույծներն անհանգստանում են մեղվաընտանիքների զանգվածային անկման համար: 2006 թ. ամբողջ աշխարհում սատկել են ավելի քան 1 միլիոն մեղվաընտանիքներ: 2007 թ. տարբեր եվրոպական երկրներում մեղվաընտաիքների անկումը հասել է 25-60 %-ի: 2007-2008 թթ. ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում ընտանիքների թիվը կրճատվել է 40 %-ով: 2009 թ. Ամերիկայի միացյալ նահանգները հայտարարեց այն մասին, որ մեղվաընտանիքների 1/3 մասը սատկել է ձմռանը: Մի խումբ գիտնականների կարծիքով մեղվաընտանիքների անհետացումը ամբողջ աշխարհի մասշտաբով կարող է պատճառել շուրջ 350 միլիարդ եվրոյի չափով վնաս: Միաժամանակ ընդհանուր վնասը զգալիորեն գերազանցում է այդ թվին, քանի որ գնահատել Երկրի վրա մեկ օրում մեղուների կատարած դերը կենսաբանական բազմազանության պահպանման և զարգացման գործում` անհնար է [3]:

Մեղուների անհետացումը ոչ միայն հանգեցնում է բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակների թվաքանակի կտրուկ նվազմանը, այլ նաև` բնական ռեսուրսների կրճատմանը:

Մի խումբ մեղվաբույծներ կարծում են, որ մեղվաընտանիքների անկման պատճառը նոր հիվանդություն է և այն անվանել են <<մեղվաընտանիքի կոլապս>>: Վերջինիս վերաբերյալ գիտնականներն ունեն տարբեր կարծիքներ: Ըստ որոշ հետազոտողների` հիմնական պատճառները հետևյալն են.

1.      մեղրածաղկափոշային խույսում գտնվող մնացորդային պեստիցիդների ազդեցությունը,

2.      բազմաթիվ դեղամիջոցների օգտագործումը,

3.      գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսական կուլտուրաների լայնորեն տարածված լինելը,

4.      նոր վիրուսային, սնկային և այլ հիվանդությունների զարգացումը, որոնք խաթարում են մեղուների իմունային համակարգը,

5.      մեղուների կողմնորոշման վրա բջջային և տիեզերական ռադիոալիքային կապի ազդեցությունը [7;5;9]:

Մեր դիտումները ցույց են տվել, որ աշնանը որոշ ընտանիքներ, հատկապես ուժեղները, որոնք ունեն շատ ավելի մեծ կերապաշար քան պահանջվում է, կարճ ժամանակահատվածում սկսում են թուլանալ և ի վերջո անհետանում են: Մի խումբ գիտնականներ կածում են, որ այդ մեղուները կորցնում են կողմնորոշվելու բնազդը, այսինքն` ճառագայթվելու հետևանքով վնասվում է նրանց ուղեղի տեսողական կենտրոնը [7]: Հարկ է նշել, որ վաղուց ապացուցված է բջջային կապի բացասաբար անդրադարձը մարդու` և առաջին հերթին նրա ուղեղի վրա:

2010 թ. մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում շատ մեղվաբույծներ ունեցել են ավելի քան 50 %-ի չափով ընտանիքների անկումներ:

Գիտնականների մյուս մասը գտնում է, որ մեղվաընտանիքների կորստի հիմնական պատճառը Varroa Jacobsoni տիզն է` բակտերիալ և վիրուսային հիվանդությունների հետ համատեղ [1;6]:

Ներկայումս մեղվաբուծության զարգացման համար լուրջ արգելքներից մեկը շարունակում է մնալ վարրոատոզ ինվազիոն հիվանդությունը: Այն հաճախ նպաստում է մեղուների այլ հիվանդությունների զարգացմանը` զգալի բարդացնելով մեղվաընտանիքի վիճակը: Մեղուները թշնամաբար չեն վերաբերում տզերին, քանի որ դրանք արտադրում են պալմետինային թթվի միացություններ. այդ նյութերը պարունակվում են նաև մեղվամոմում և մեղվի մարմնում:

Ապացուցվել է, որ վարրոատոզով 4 %-ից ավելի վարակվածության դեպքում մեղվաընտանիքը կարող է լքել բույնը աշնանը կամ` սատկել ձմռանը:

Տիզը բավականին բարձր հարմարողականություն ունի դեղամիջոցների նկատմամբ [4;2]: Հաշվի առնելով այդ` անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոփոխել դեղամիջոցը` օգտագործելով տարբեր քիմիական բաղադրության պատրաստուկներ: Այդ դեպքում բուժման արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա:

Վարրոատոզով բարձր աստիճանի վարակվածության դեպքում գարնանը, ամռան վերջում և աշնան սկզբում մեղվանոցի տարածքում կարելի է տեսնել չվնասված կամ առանց թևերի ու ոտքերի սողացող, երիտասարդ մեղուներ, մեղրահացի բջիջներում սատկած թրթուրներ. դրանք արտացոլում են փտախտի կլինիկական պատկերը:

Եթե աշնանը մեղվաընտանիքի վարրատոզով վարակվածությունը հասնում է մինչև 20 %-ի, ապա այդպիսի ընտանիքը նույնիսկ դեղամիջոցներով մշակումից հետո լքում է բույնը աշնանը կամ` սատկում  ձմռանը:

Գարնանը սատկած ընտանիքներում լինում է հետևյալ պատկերը. մեղրահացերում չօգտագործված մեղր, փեթակի հատակին գտնվող մեղրահացերից թափված սատկած մեղուներ և տզեր: Եթե զգուշորեն իրարից հեռվացնենք մեղուներին, ապա հատակին կերևան մեծ քանակությամբ սատկած տզեր:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը չի արտադրում որևէ դեղամիջոց մեղուների հիվանդությունների բուժման համար: Ռուսաստանի Դաշնությունը արտադրում է հետևյալ դեղամիջոցները վարրոատոզի դեմ. ակվա-վլո, ակարասան, ամիպոլ–Տ, ապիդեզ, ապիտակ, ապիլինոլ, ապիմաքս (բալասան), բիվարոլ, բիպին, բիպին-Տ, դիլաբիկ, թրթնջկաթթու, մրջնաթթու, յանտրին, նեորամ, ՊԱԿ-750 Ա, պոլիսան, սանոքս, վարրոասան, վարրոապոլ, վարրոադեզ, վետֆոր, տանգ, տեդա, ֆումիսան [8], որոնցից ներմուծվում են Հայաստան ակարասան, ամիպոլ–Տ, ապիդեզ, ապիտակ, բիպին, բիպին-Տ, թրթնջկաթթու, պոլիսան և ֆումիսան պրեպարատները:

Ներկայումս արտադրվում են հետևյալ հակավիրուսային պատրաստուկները, որոնք նպաստում են նաև մեղվաընտանիքի աճին և զարգացմանը. անտիվիր, էնդոգլյուկին, լոզևալ, վիրուսան: Դրանք կարելի է նաև օգտագործել որպես պրոֆիլակտիկ միջոց:

Ճիշտ և ժամանակին բուժման դեպքում մեղվաընտանիքների անկումները կարելի է հասցնել նվազագույնի: